հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի իշխանությունը գոհ չէ դատական համակարգի աշխատանքից, սակայն տեսնում է բարեփոխումների դրական արդյունքները․ ԱԺ նախագահ

Հայաստանի իշխանությունը գոհ չէ դատական համակարգի աշխատանքից, սակայն տեսնում է բարեփոխումների դրական արդյունքները․ ԱԺ նախագահ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունը դատական իշխանության աշխատանքից գոհ է, սակայն հավելում, որ բարեփոխումներն օր օրի բարելավում են իրավիճակը դատական համակարգում։ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման շրջանակում իր ելույթում:

«Այսօր շատ խոսվեց դատարանների վերաբերյալ կարծիքի մասին: Այո, այնպես չէ, որ իշխանությունը, օրենսդիր իշխանությունը դատական իշխանության աշխատանքից գոհ է: Դրանից բազմիցս խոսել ենք: Դրան են միտված այն դատական բարեփոխումները, որոնք իրականցվում են: Այդ բարեփոխումներն են, որ, իմ կարծիքով,  օր օրի լավացնում են դատական իշխանությունը: Դրա ապացույցները բազմաթիվ են»,-ասաց Սիմոնյանը:

Ապա, անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը՝ Սիմոնյանն ասաց, որ այն, ինչ նախկինում տեղի է ունեցել դատական իշխանությունում, եղել է խայտառակություն: «Դատավորներին ստիպել են զանգով վճիռներ կայացնել: Եվ ոչ հաճո դատավորներին հետապնդել են: Դրանք պետք է չմոռանալ, որ երբևիցե դրան վերադարձ չլինի»,-ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, թե վերջին հարցումների արդյունքներով դատական իշխանության վարկանիշը ցածր է՝ Սիմոնյանը համաձայնեց՝ այո, դատական իշխանության վարկանիշը ցածր է: «Ցածր է նաև ԱԺ-ի վարկանիշը՝ ըստ նույն հարցումների: Դա բնական է, միշտ այդպես է եղել: Քաղաքական գործունեության առաջնագծում գտնվում են պատգամավորները: Ինչ օրենք ընդունվում է, Հայաստանում ինչ տեղի է ունենում, մարդիկ դա պատգամավորների դեմքով են պատկերացնում»,-ասաց Սիմոնյանը՝ հարցնելով՝ իսկ Լիլիթի Գալստյանն այդ նույն հարցումներով ընդդիմության կամ «Դաշնակցության» վարկանիշը տեսե՞լ է:

  • Կիսվել: