Հայաստանի իշխանությունները որոշել են փոխել ՃԵԿ խախտումների համար օտարերկրացիների տուգանման կարգը
Հայաստանում անհրաժեշտ է փոխել տեսախցիկներով արձանագրված ՃԵԿ խախտումների ձևակերպման կարգը, որոնք կատարում են օտարերկրյա քաղաքացիները հանրապետությունում գրանցված մեքենաներով։ Այս մասին նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ «Տեսալուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Ներկայումս, ըստ փոխնախարարի, երբ օտարերկրյա քաղաքացին խախտում է կատարում չգրանցված տրանսպորտային միջոցով, և դա ֆիքսվում է տեսախցիկներով, ՃԵԿ խախտման վերաբերյալ արձանագրությունն ու վարչական ակտն ուղարկվում է սահմանապահ ծառայությանը։ Այնուհետև արդեն սահմանին օտարերկրացին ծանուցում է ստանում, որից հետո պարտադիր կարգով մարում է Հայաստանի պետության հանդեպ պարտավորությունները։ «Սակայն խնդիրներ են առաջանում, երբ օտարերկրացիները նման խախտումներ են կատարում Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցով։ Դրա մասին տեղեկատվությունը ուղարկվում է սեփականատիրոջը», - հավելել է Ղազարյանը։
Ըստ փոխնախարարի, նման միջադեպերը հատկապես հաճախ են հանդիպում վարձակալված մեքենաների դեպքում, երբ խախտողը ոչ թե մեքենայի սեփականատերն է, այլ այն վարձակալած օտարերկրացին։ Նման դեպքերում ակտն ուղարկվում է օտարերկրյա քաղաքացու հաշվառման վայր։ Այսինքն, ըստ էության, արտասահման։
«Դրա հետ կապված՝ Հայաստանի պետբյուջեից տարեկան կտրվածքով կատարվում է մոտ 90 մլն դրամի ծախս», - հայտնել է կառավարության ներկայացուցիչը։
Այսպիսով, օրինագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներով օտարերկրյա քաղաքացիների կատարած իրավախախտումների դեպքում իրականացնել նույնպիսի վարչարարություն, ինչպիսին իրականացվում է Հայաստանում չգրանցված տրանսպորտային միջոցների դեպքում։
Քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։


