հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,– նշել է Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովը 65 կողմ ձայներով համաձայնություն է տվել Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ «Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը։

Մհեր Սահակյանն ասել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։

  • Կիսվել: