ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքը դիմելու է ՍԴ պատգամավորների անձեռմխելիության վերականգման պահանջով

«Հայաստան» դաշինքը դիմելու է ՍԴ պատգամավորների անձեռմխելիության վերականգման պահանջով

«Հայաստան» դաշինքը դիմումներ է ներկայացնելու ՀՀ Սահմանադրական դատարան Ազգային ժողովի նախագահի ընտրության որոշման և պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի անձեռմխելիության վերականգման պահանջով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մենք մի քանի տարի տեսնում էինք, թե ընդդիմադիր խմբակցություններն ունենալով ՍԴ դիմելու գործիքը, առհասարակ դրանից չէին օգտվում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Սահմանադրական դատարանից՝ հաշվի առնելով ընտրությունների լեգիտիմության քննությունը, Վարդևանյանն ընդգծեց, որ վճռական աշխատանքի արդյունքում նույնիսկ ամենակախյալ մարմինն ուղղակի չի դիմանում ապօրինություններ կատարելու շարունակական ռեժիմին։

«Փորձելու ենք համառ միջոցներով հասնել այն բանին, որ Վահե Գրիգորյանի կարծիքները չգերակայեն։ Ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Դիտարկումը, թե հնարավոր է, որ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվեն փոխխոսնակի թեկնածու առաջադրելուց, Վարդևանյանը մերժեց՝ նշելով, որ դա ինքնավնասման դրսևորում կարող է լինել։

«Փոխխոսնակի ինստիտուտը ընդդիմության կարևորագույն գործիքներից է, իսկ ընդդիմությունը պետք է օգտագործի իր գործիքներից յուրաքանչյուրը։ ԱԺ փոխխոսնակի չառաջադրման պարագայում որևէ բան չի փոխվի։ Մենք պարզապես դրանով ավելի բարենպաստ պայմաններ ենք ստեղծում այսպես ասած շատ մանդատներ ունեցող իշխանության համար»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։

 Վարդևանյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանալով «Հայաստան» դաշինքի առաջնորդ՝ առավել քան ակտիվ ներգրավված է դաշինքի աշխատանքների մեջ։

  • Կիսվել: