երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հաստատվել է Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ հանցավոր արարքների կատարումը. ՀՔԾ

Հաստատվել է Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ հանցավոր արարքների կատարումը. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որոնց կատարմանը ներգրավել են տարբեր անձանց: Այդ մասին հայտնում են ՀՔԾ մամուլի բաժնից։

«Այսինքն` հիմնավորվել է Վաչագան Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Ռ. Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, ինչպես նաև 6 այլ անձանց կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը:

Նախաքննության ընթացքում Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2,837 մլրդ ՀՀ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչը օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել Վ. Ղազարյանին, Ռ. Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին»,- հայտնել են ՀՔԾ-ից:

  • Կիսվել: