երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Հարց է առաջանում՝ էդ ոնց Գարուշը դուրս եկավ, մնացած տղաները դուրս չեկան. շան գլուխը էդտեղ է թաղված. Նորիկյան

Հարց է առաջանում՝ էդ ոնց Գարուշը դուրս եկավ, մնացած տղաները դուրս չեկան. շան գլուխը էդտեղ է թաղված. Նորիկյան

Դուք մահացած զինծառայողների ծնողների մոտ արել եք անպատասխանատու հայտարարություններ, որի արդյունքը այս գործի նկատմամբ անվստահությունը, այս ճգնաժամն է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3–ին, Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով դատավարության ժամանակ նշեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը՝ դիմելով գործով որպես վկա հարցաքննվող  Վահագն Ներսիսյանը, ով որպես սպա–հոգեբան է աշխատում։

«Այս գործի առանցքը հենց Գարուշի դուրս գալու մեջ է։ Շան գլուխը այդպես է թաքնված, որովհետև բոլորի մոտ այդ հարցն է առաջանում, այդ ո՞նց եղավ, Գարուշը դուրս եկավ, մնացած 14 զինծառայողը դուրս չեկավ։ Հիմա դուք մարդկանց ասել եք մի բան, որ այսօր ասում եք դա իմ կարծիքն է եղել։ Ձեր կարծիքը պետք է մնար ձեր տանը կամ ձեր մեջ, առավել ևս, երբ մենք գործ ունենք բարձրագույն կրթություն ունեցող հոգեբանի հետ։

Ես չգիտեմ՝ ձոր ո՞ր խոսքին հավատամ, հիմա ձեր ասած խոսքի՞ն, թե՞ զոհված զինծառայողների ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ արված խոսքին։ Այն էլ, ծնողների մոտ ձեր ասածը տեղի է ունեցել դեպքից քիչ անց»,–ասաց նա։

Վահագն Ներսիսյանն էլ արձագանքեց. «Որևէ մեկն իմ վրա ճնշում չի գործադրել։ Ես ձեր նշած մարդկանցից որևէ մեկի հետ չեմ հանդիպել, որևէ նախաձեռնություն էլ չի եղել, որ ես իրենց հանդիպեմ։ Ես անձանապես ապրել եմ այդ ողբերգությունը, ուզում եմ իմանալ, ինչի հետ գործ ունենք»։

  • Կիսվել: