Հանրապետության հրապարակում թուրքական ոչինչ չկա. վարչապետի օգնական
Արդեն հայտնել ենք, որ այսօր զոհված զինծառայողների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով չեղարկել Անկախության օրվա առթիվ նախատեսված միջոցառումը:
Նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը վստահեցրեց, որ Սեպտեմբերի 21-ին նախատեսված տոնական միջոցառման կազմակերպման համար Թուրքիայից որևէ սարքավորում չի բերվել ու տեղադրվել Հանրապետության հրապարակում:
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Սարքավորումները տարբեր երկրներից են բերվել, քանի որ Հայաստանում առկա չեն: Դրանք բերվել են Գերմանիայից, գերմանական սարքավորումներ են, բեռնափոխադրումն իրականացրած կազմակերպության բեռնատարի վրա ինչ-որ թուրքական նշումներ են եղել, հիմա այս բարձրախոսներից մեկի վրա, օրինակ, թուրքական նշում գուցե լիներ, բայց ես այդ լրագրողին չեմ կարող ասել՝ Թուրքիայից ես եկել: Հանրապետության հրապարակում թուրքական որևէ բան չկա: Երեկ լսեցի, որ իբր ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ վարչապետի հետևում ՀՀ դրոշ չի եղել դրված, բայց տեսանյութից երևաց, որ դրոշը դրված է եղել, այդպիսի տեղեկություններ շատ են շրջանառվում, եւ ստանում են որոշակի ուղղորդումներ նաեւ քաղաքական ուժերի կողմից՛՛:
Այնուամենայնիվ, զոհված զինծառայողների հարազատները պահանջեցին, որ Անկախության օրը նախատեսված համերգային միջոցառումը, որը պետք է Հանրապետության հրապարակում կայանա, չեղարկվի, քանի որ այժմ նման բնույթի միջոցառման անցկացումն անթույլատրելի է եւ անարգանք է զոհերի հիշատակի հանդեպ: Նրանք պահանջեցին գոնե հետաձգել նմանատիպ միջոցառումը եւ չանցկացնել այն մինչեւ նոյեմբերի 10-ը, որ գոնե զոհերի մահվան տարելիցը լրանա: Փոխարենն առաջարկում էին սեպտմբերի 21-ին մոմավառությամբ երթ կազմակերպել դեպի Եռաբլուր:
Վարչապետի օգնականն էլ ասաց, որ միջոցառումը պարտադիր անցկացվելու է, քանի որ այս տարի ՀՀ անկախության 30-րդ՝ հոբելյանական տարեդարձն է: