հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հանրահավաքի ժամանակ Զոհրաբյանի ու Գորգիսյանի ելույթներում օգտագործվել են անթույլատրելի բառեր. Թաթոյան

Հանրահավաքի ժամանակ Զոհրաբյանի ու Գորգիսյանի ելույթներում օգտագործվել են անթույլատրելի բառեր. Թաթոյան

Համացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցազրույցը, որոնցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձևակերպումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Մասնավորապես, երկուսի խոսքում էլ օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» և այլ ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ:

Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների՝ հանրային բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց: Երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը:

Պետք է բացառել, ուղղակի վերացնել նման ձևակերպումները հատկապես հանրային քննարկումների տիրույթից ու հանրային խոսքից՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Դրանք լարվածություն առաջացնող բառեր ու ձևակերպումներ են:

Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունեալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում:

Սա պետք է նկատի ունենան հանրային ճանաչում ունեցող բոլոր անձինք, իսկ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են հաշվի առնել, որ այդ արգելքները կազմում են իրենց իրավական կարգավիճակի պարտադիր մասը՛՛,-նշել է նա:

 
 
 
 

  • Կիսվել: