ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք իրավակարգավորումների բարեփոխմանը վերաբերող նախագծեր

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք իրավակարգավորումների բարեփոխմանը վերաբերող նախագծեր

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում քննարկել և դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող մի շարք նախագծերի: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և լրացումները խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել:

Վաչե Քալաշյանի ներկայացմամբ՝ քննարկվել են նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները:

Մեկ բովանդակային և երկու տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել: Ըստ այդմ՝ մեկ կիսամյակով կատարողականի բացասական գնահատականի դեպքում պաշտոնից ազատելու կարգավորումը Կառավարության կողմից վերանայվել է. պաշտոնանկության հնարավորությունն առաջարկվում է կատարողականի երկու կիսամյակային գնահատականի բացասական միջինի առկայության պարագայում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկներ է հնչեցրել, որոնք, մասնավորապես, վերաբերել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաղաքացիական ծառայության առանձնահատկություններին: Վաչե Քալաշյանը նշել է, որ առաջարկներն ընդունելի են:

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և կից օրենքներում նախատեսվող լրացումները ևս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն եղել:

Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի ու  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում առաջարկվող լրացումների քննարկումները:

  • Կիսվել: