կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հանցավոր համագործակցություն չի կարող լինել, ներկայացրել է ID քարտը, ստացել ապառիկ. քաղաքացին հայտարարությունից հետո բազմաթիվ զանգեր է ստացել

Հանցավոր համագործակցություն չի կարող լինել, ներկայացրել է ID քարտը, ստացել ապառիկ. քաղաքացին հայտարարությունից հետո բազմաթիվ զանգեր է ստացել

Քաղաքացի Խաչատուր Միքայելյանի հայտարարությունը, որ իր անունից և իր անձը հաստատող փաստաթղթով տարբեր խանութներում ապառիկ գնումներ են կատարել, շատերի անհնագստությունն է առաջացրել։ PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում Միքայելյանն ասաց, որ երեկվանից տարբեր անձինք, նաև պատգամավորներ զանգահարել են իրեն, հետաքրքրվել և արդեն զարգացումներ կան։ Նրա ներկայացմամբ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրությամբ դիմել է ոստիկանապետին՝ պարզաբանումներ ստանալու համար։

Քաղաքացին, հիշեցնենք, երեկ հայտարարություն էր տարածել, տեղեկացնելով մի արտասովոր դեպքի մասին։ Նա քաղաքային տաքսիներից մեկում թողել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել փաստաթղթեր, 300  հազար դրամ գումար։ Երբ պարզում, որ թողել է տաքսու մեջ զանգահարում է ոստիկանություն։

«Վստահ լինելով իրավապահների արագ գործողությունների վրա, հանգիստ խղճով գնում եմ տուն։ Ու այստեղից ամեն ինչ սկսվում է։ Նոյեմբերի 15-ին ընկերներիցս մեկը զանգում և ասում է, որ հայտնի բանկերից մեկում իմ անձնագրով փորձել են գործարք կատարել, այդ մասին տեղեկացնում եմ քննիչին և խնդրում եմ արագ գտնել տաքսին, ինքս նույնպես զբաղվում եմ փնտրտուքով։ Երեկոյան ինձ արդեն հայտնի էին նրա բոլոր տվյալները։ Ոստիկանները տաքսիի վարորդին կանչում են բացատրության, վերջինս 18․11․19թ․-ին /3 ՕՐ ԱՆՑ/ ներկայանում է և տեղեկացնում է որ որևէ կապ չունի։ Նույն օրը / երկուշաբթի/ իմ նախաձեռնությամբ գնում եմ «ԱՔՌԱ» վարկային բյուրո, հարցում եմ անում և պարզում, որ 4 օրվա ընթացքում իմ անունից կատարվել է 16 հատ վարկային հարցում, տեղեկանքը ներկայացնում եմ ոստիկանություն և գնում ցուցակում նշված բանկեր, առաջին 3 բանկ մտնելով պարզում եմ, որ իմ անվամբ ձևակերպվել են ընդամենը մոտ 1․000․000 դրամի ապառիկ վարկեր։ Վերցնում եմ վարկային պայմանագրերը, բողոքներ եմ գրում և տեղեկությունները տանում եմ Ոստիկանություն։

Նույն օրը գնում եմ ԱԱԾ, Կենտրոնական Բանկ, Անձնագրային բաժանմունք, /պարզվում է, որ Ոստիկանություն տրված հայտարարությունը բավարար չէ անձնագիրը կասեցնելու համար/, Դատախազություն, գտնում եմ ապառիկ տված խանութի տվյալները, հանցագործ տաքսիստի նկարները այնտեղի տեսախցիկներից հանում եմ և ուղղարկում ոստիկաններին։ 19:11-ին այցելում եմ Կենտրոնի բաժին և տալիս եմ նոր հաղորդում արդեն քննիչի մոտ, վերոնշյալ մարդու բոլոր տվյալները և ապացույցները ներկայացնելով և խնդրում եմ անհապաղ քրեական գործ հարուցել։ 20:11-ին Մոլերից մեկի ծանոթս զանգահարում է և տալիս տվյալ, որ խանութներից մեկում մեր հերոսը նորից փորձում է վարկ ձևակերպել։

Տեղեկացնում եմ քննիչին, որը հորդորում է զանգահարել 1-02, այս անգամ արդեն Մալաթիայի բաժնի ոստիկանների հետ հասնում ենք Մոլ, սակայն հանցագործը արդեն հեռացել էր։ Նրանց ևս տրամադրում եմ բոլոր տվյալները և այսպես ասած մատնացույց եմ անում ազատության մեջ հավեսով ֆռֆռացող և իրեն իմ տեղը դրած հանցագործի վրա։ Հաջորդ օրը զանգահարում եմ Կենտրոնի քննիչին և պարզվում է, որ նա դեռ քրեական գործ չի հարուցել և պատրաստվում է հարուցել և «ինձ օգնել»։

Մալաթիայի բաժնից տեղեկանում եմ, որ կապնվել են այդ մարդու հետ և երեկոյան նա իր փաստաբանի հետ գնալու է բաժին /հիշեցնեմ որ բոլոր նկարները և ապացույցները հավաքագրել եմ ինքս և փոխանցել եմ բաժին/։ Նոյեմբերի 22-ին առավոտվանից փորձում եմ կապնվել քննիչների հետ։ Հեռախոսները չեն վերցնում։

Հիշեցնեմ որ կորստի պահից անցել է արդեն 8 օր, ապօրենի գործարքներ կատարողի մասին բոլոր տվյալները հայտնի են արդեն 7 օր, հիմնավոր բոլոր ապացույցները ոստիկանություն են ներկայացվել արդեն 5 օր, բացահայտ հանցագործության մասին /Մոլի գործարք/ հաղորդում տալուց անցել է արդեն 3 օր։ Չգիտեմ օպերատիվ բառի սահմանումը, բայց կարծում եմ, որ 1-02 հաղորդման մեջ օպերատիվ բառը շատ սխալ է օգտագործվում։ Մնացածը դատեք ինքներդ», -հայտարարության մեջ գրել էր Խաչատուր Միքայելյանը։

Մեր հարցին, թե տարօրինակ չէ՞ որ բանկերը այդքան հեշտությամբ գործարք են կնքել այն անձի հետ, որին իրականում չեն պատկանում ներկայացված փաստաթղթերը, Միքայելյանը պատասխանեց. «Կարծում եմ շատ հեշտ է եղել՝ ներկայացրել է ID քարտը ու հաջողությամբ ստացել իր ցանկալի ապրանքները»։ Այս պահի դրությամբ, նրա խոսքով, իր անունով ապառիկը մեկ միլիոն դրամից անցնում է։

Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է բանկերի ու այդ անձի միջև հանցավոր համագործակցություն կայացած լինի, Միքայելյանն ասաց, որ դա հնարավոր չի համարում։ «Չեմ կարծում, որ նման բան եղած լինի», -հավելեց նա՝ ընդգծելով, որ ID քարտի վրա լուսանկար չի եղել և վարկը հաստատող բանկի աշխատակիցը թերևս կարիք չի զգացել հավելյալ ճշտումներ անելու։ Այս պահին Խաչատուրը չցանկացավ հիշատակել այդ բանկերի անունները. «Եկեք սպասենք՝ քրեական գործը հարուցվի, հետո մանրամասն կխոսենք»։

Նա ասաց, որ իր համար տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ իր հայտարարությունից հետո շատերն են կիսվել նման պատմություններով. «Փաստորեն, սա շատ տարածված երևույթ է։ Ինձ համար բացահայտում էր, որ մարդիկ դժգոհում ու պատմում էին իրենց հետ կատարված նույնատիպ պատմությունները։ Իմ հայտարարությունից հետո ինձ հետ կապվել են ոստիկանության համակարգի ներկայացուցիչներ, պատգամավորներ, պաշտոնյաներ։ Հուսամ՝ գործին ընթացք կտրվի»։

Ինչ վերաբերում է ոստիկանության անգործությանը, Խաչատուր Միքայելյանը ասաց, որ իրեն բացատրել են, որ որոշակի ընթացակարգերից հետո պետք է քրեական գործ հարուցվի, իսկ դրանք պետք է սպառվեին։

«Բայց ես մտածում եմ՝ գուցե այդ մարդը կարողանում է լքել երկիրը, այդ դեպքում ի՞նչ պետք է անել։ Ինձ ասացին, որ հայտարարվում է հետախուզում և փորձում են գտնել նրան։ Դուք պատկեացրեք ինչ երկար գործընթաց է ստացվում, արդյունքում այդ գումարները ես պետք է վճարեմ»,-նկատեց Միքայելյանը։

  • Կիսվել: