ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Համայնքային վճարովի ավտոկայանատեղիների տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի փոփոխման գործընթացը կդյուրացվի

Համայնքային վճարովի ավտոկայանատեղիների տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի փոփոխման գործընթացը կդյուրացվի

Փոփոխություններով իրավական հիմք կապահովվի տարբերակված գույնի գետնանշումների իրականացման համար` հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված համայնքային վճարովի ավտոկայանատեղիների տարբերակման նպատակով, ինչն էլ թույլ կտա համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափերը սահմանել՝ ըստ գոտիականության: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է խմբագրական բնույթի փոփոխություն կատարել գործող օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո բովանդակային առաջարկություններ չեն ներկայացվել:

Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից հանել այն դրույթները, համաձայն որոնց՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում չի իրականացվում:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանի՝ համայնքների բյուջեները կհամալրվեն համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով, ինչը հնարավորություն կտա համայնքներին իրականացնել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ մոտ ապագայում կվերանայվի այդ մասհանումների 30 տոկոսի չափը և այն ամենայն հավանակությամբ կբարձրանա:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո բովանդակային առաջարկություններ չեն ներկայացվել: Ընդունվել է խորհրդարանի փորձագետների տեխնիկական բնույթը առաջարկը:

Մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը շեշտադրել է օրենսդրական փաթեթի կարևորությունը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը և հանձնաժողովի անդամները ողջունել են նախագծի ընդունումը և ընդգծել մասհանումների տոկոսի բարձրացման անհրաժեշտությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է հստակեցնել սննդի շղթայի այն փուլերը և գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել սպանդանոցային ծագման մսամթերքի (կենդանական ծագման մթերքի և հումքի) պարտադիր լինելու պահանջը, կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մսամթերք հայտնաբերելու դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց լիազորությունները:

Ի պատասխան հանձնաժողովի անդամների՝ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ մտահոգություններին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը միտված է սպանդանոցային համակարգում տիրող բարձիթողի վիճակի բարելավմանը:

Նա տեղեկացրել է, որ գրանցված 100 սպանդանոցից գործում է 50-ը: Նշվել է, որ առավել ճկուն պետք է դարձնել, այսպես կոչված, շրջիկ սպանդանոցների գործունեությունը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի կարծիքով մեր համաքաղաքացիների մեծ մասը գերադասում է մի քանի հարյուր դրամ ավելի վճարել՝ ապահովելով իր սննդային անվտանգությունը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքների նախագծերին:

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:

  • Կիսվել: