հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Հակասահմանադրական ճանաչված հոդվածով գործը իրավական աբսուրդի օրինակ է․ փաստաբան

Հակասահմանադրական ճանաչված հոդվածով գործը իրավական աբսուրդի օրինակ է․ փաստաբան

Հակասահմանադրական ճանաչված հոդվածով քրեական գործը իրավական աբսուրդի օրինակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո։ Հիշեցնենք, որ բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մեղադրյալի կարգավիճակում են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Մենք այսուհետ գտնվում ենք օրինականության շրջանակներից դուրս։ Սա իրավական և իրավաբանական գործընթաց չէ»,- ընդգծել է Վարդևանյանը։ Նա նշել է, որ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչել՝ գործը պետք է ավարտվեր։ «Բայց մենք գործ ունենք մեռած գործը վերակենդանացնելու փորձերի հետ։ Սա իրավաբանական աբսուրդի ինչ-որ նոր նշաձող է»,- հավելել է իրավաբանը։

Նա հիշեցրել է, որ գլխավոր դատախազն արդեն տվել էր նախնական գնահատականներ: Բացի այդ, չնայած դատարանը դեռ չի որոշել՝ մեղադրանքը վերաորակավորվելու է, թե ոչ, գլխավոր դատախազությունը նույն գործով քաղաքացիական հայց է ներկայացրել՝ պահանջելով արդեն փոխհատուցվածի համար փոխհատուցում:

Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր ՍԴ-ի որոշումից հետո, որը հակասահմանադրական է ճանաչել մեղադրանքի հոդվածը։ Որոշումը բողոքարկվել է, գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան, սակայն քննչական մարմինը, ժամանակը բաց թողնելով, արարքը չի վերաորակավորել, ինչի արդյունքում դատարանն այժմ քննում է դատախազության միջնորդությունը՝ մեղադրանք ներկայացնելու մասին։ Այս հանգամանքը փաստաբանները բազմիցս անվանել են իրավական աբսուրդ. կա գործ և «մեղադրյալներ», բայց փաստացի դեռևս չկա բուն մեղադրանքը։

  • Կիսվել: