ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. «Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն եւս կարճեց ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության առիթով հարուցված քրեական վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժինը: Իսկ հիմա գլխավորի մասին. ստացվում է, որ ԲԴԽ նախկին նախագահների ձայնագրության գործը, որտեղ խոսում էին, թե ինչպես են Ջհանգիրյանին ճնշում՝ ստիպելով պատժել Վարդազարյանին, ՀՀ քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության բախումների պատճառն է: Բանն այն է, որ ի սկզբանե այս աղմկահարույց ձայնագրության մասով նախաձեռնված քրեական վարույթը քննում էր ՀՀ քննչական կոմիտեն:

6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, ու գործը կարճվեց: Այստեղից էլ սկսվեց «հակամարտությունը»: ՀՀ գլխավոր դատախազի «ԱԱԾ-ական» տեղակալ Արթուր Պողոսյանը վերաբացել էր գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը: Եվ, ահա, Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե 3 ամիս քննեց կարճված գործը, սակայն հարցաքննության չհրավիրեց ոչ՛ Վարդազարյանին, ո՛չ Ջյանգիրյանին. ոչ մի քննչական գործողություն, ըստ էության, չարեց ու որոշեց կարճել: Ըստ լուրերի՝ ինտրիգը հիմքի մեջ է, որին կանրադառնանք առաջիկայում: Այս պահին փաստենք, որ կոմիտեն ու դատախազությունը ներքին գզվռտոցի մեջ են, ու դատախազությունը փորձում է իր ուժը ցույց տալ, թե՝ ձեր որոշումները վերջնական չեն, ու քրեական վարույթները մի մարմնից մյուս մարմին է ուղարկում կամ վերաբացել տալիս…, իսկ հասարակությունն էլ արդարության է հույսով սպասում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: