հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Հակակոռուպցիոն կոմիտեի կոլեգիայի նիստում ամփոփվել են 2025 թվականի արդյունքները. լավագույն ծառայողներին պարգևագրեր են հանձնվել

Հակակոռուպցիոն կոմիտեի կոլեգիայի նիստում ամփոփվել են 2025 թվականի արդյունքները. լավագույն ծառայողներին պարգևագրեր են հանձնվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոմիտեի խորհրդակցական մարմնի (կոլեգիայի) ընդլայնված նիստը:

Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ամփոփել է 2025 թվականի արդյունքները՝ անդրադառնալով նախորդ տարի դատարան ուղարկված վարույթների աճին, պետությանը պատճառված վնասի վերականգնման, ինչպես նաև բարդ և հանրային մեծ հնչեղութուն ունեցող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված մեծածավալ աշխատանքներին, նաև խոսել կառույցի առջև ծառացած մարտահրավերներից, որոնք պահանջում են շարունակական և նպատակային լուծումներ։

Կոմիտեի նախագահը ներկայացրել է այն ցուցանիշները, որոնք կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից վկայում են հակակոռուպցիոն պայքարում որոշակի հաջողություններ գրանցելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանք ներկա մարտահրավերների համատեքստում դիտարկելիս կարելի է գնահատել բավարար, բայց ոչ լավ։

Միաժամանակ Արթուր Նահապետյանը նախորդ տարվա ցուցանիշները գերազանցելու նպատակադրմամբ մատնանշել է Կոմիտեի 2026 թվականի անելիքները.

  • ուժեղացնել կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացվող գործիքակազմը, որն իրենից ենթադրում է՝ ֆինանսական հոսքերի, գույքային շարժի և ապօրինի հարստացման ու շահերի բախման դեպքերի բացահայտման մեխանիզմների կատարելագործում, ինչպես նաև թվային և էլեկտրոնային հարթակների ավելի լայն կիրառում՝ տվյալների փոխկապակցման և ավտոմատացված վերահսկողության նպատակով,
  • ապահովել քրեական վարույթների ընթացքի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն և ողջամիտ ժամկետների պահպանում՝ բացառելով քրեական վարույթներով քննության ժամկետների անհիմն ձգձգումները,
  • բարձրացնել նախաքննության որակը՝ գործընթացների հստակ դատավարական պլանավորման և պատասխանատվության մեխանիզմների կիրառման միջոցով,
  • քրեական վարույթի շրջանակներում ապահովել օրենքով նախատեսված քրեադատավարական բոլոր միջոցների լիարժեք և հետևողական կիրառումը՝ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջական և արդյունավետ վերականգնումը երաշխավորելու նպատակով,  
  • շարունակական դարձնել կադրային կարողությունների և մասնագիտական պատրաստվածության զարգացումը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալները նույնպես ըստ համակարգման ոլորտների ներկայացրել են նախաքննական և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների՝ 2025 թվականի գործունեության արդյունքները:

Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոններ ստանձնած նորանշանակ ծառայողների երդման արարողությունը: Նրանք երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, կոռուպցիոն բնույթի հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, նպաստել հասարակությունում կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության ձևավորմանը:

2025 թվականի ընթացքում գրանցած բարձր արդյունքների համար Կոմիտեի նախագահը պարգևագրեր է հանձնել տարվա լավագույնի կոչմանն արժանացած ծառայողներին և ստորաբաժանումներին:

Մասնավորապես՝ «Լավագույն ստորաբաժանում» պարգևագրին է արժանացել Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչությունը (վարչության պետ՝ Դավիթ Կոստանդյան) և Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության առաջին բաժինը:

«Լավագույն քննիչ» պարգևագրին է արժանացել Տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը, իսկ «Լավագույն ծառայող» պարգևագրին՝ Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության օպերլիազոր Անուշավան Աղաջանյանը:

Աշխատանքային գործունեության ընթացքում նշանակալի ցուցանիշների և մասնագիտական բարձր պատրաստվածության համար մի շարք ծառայողներ Կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել են մեդալներով, ինչպես նաև շնորհվել են արտահերթ դասային աստիճաններ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը շնորհավորել է պարգևագրերի արժանացած և Կառույցի շարքերը համալրած նոր ծառայողներին՝ նրանց մաղթելով ուժեղ կամք, առավելագույն պատասխանատվություն և նվիրվածություն՝ հակակոռուպցիոն պայքարում հաջողություններ գրանցելու նպատակով։

  • Կիսվել: