երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հաջողվել է ստեղծել անկախ մի ինստիտուտ` իր կանոնակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին․ Գրիգոր Մինասյան

Հաջողվել է ստեղծել անկախ մի ինստիտուտ` իր կանոնակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին․ Գրիգոր Մինասյան

ՀՀ փոխվարչապետի աջակցությամբ հեղափոխական քայլ է կատարվել և արբիտրաժային որոշ վճիռներ դուրս են բերվե դատական հաստատման տիրույթից։ Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ելույթ ունենալով Երևանում արբիտրաժային հարցերին նվիրված միջազգային համաժողովի բացման ժամանակ։
 
«Մեր խոշոր ներդրողները, գործարարները, երբ իրենց պայմանագրերում ամրագրում էին արբիտրաժային կենտրոնի, այսպես ասած, վեճը հանձնելուն, ստիպված էին դատարանում մի քանի շաբաթ, նույնիսկ մի քանի ամիս սպասել, որպեսզի նախ այդ արիբտրաժային որոշումը կնքվի, հաստատվի, ապա նաև երկարատև պրոցես էր, մինչև որ արբիտրաժից գնա Հարկադիր կատարման ծառայություն»,– բացատրեց Մինասյանը։
Իրականացված բարեփոխումների շնորհիվ շատ կարևոր արբիտրաժային որոշումներն արբիտրաժային կենտրոնները կարողանում են ուղարկել Հարկադիր կատարման ծառայությանը։
Նախարարը նաև հաշտարարության ոլորտում կատարված փոփոխություններից մեկն է հեղափոխական անվանում։
 
Մասնավորապես, ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության գաղափար է ներդրվել։ Նրա խոսքով` սա շատ կարևոր է, որովհետև հաշտարարության ինստիտուտը նույնիսկ զարգացած երկրներում է դեռևս պրոբլեմատիկ, իսկ այս որոշմամբ Հայաստանում ստեղծվեց մի հարթակ, որով ստիպում են պրոֆեսիոնալ փաստաբաններին ներգրավվել հաշտարարության գործում։
 
«Այս ամենը կլիներ զուտ պրոցեսի նկարագրում, եթե չլիներ շատ կարևոր մեր նոր երեխայի ծնունդը` արբիտրաժային մեր կենտրոն ստեղծումը։ Երկու ամիս առաջ մեր բալիկը ծնվեց, և շատ դժվար պրոցես էր` 3-4 տարի տևող»,– ասաց Մինասյանը։
 
Նա հավելեց, որ թեպետ այսօր ինքն է խոսում այս ամենի մասին, բայց այն ոչ պետական է, այսինքն` հաջողվել է ստեղծել անկախ մի ինստիտուտ` իր կանոնակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին։

  • Կիսվել: