ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի կողմից հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016թ. մայիսի 9-ին Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչն իր մտերիմների հետ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ, խնջույք է կազմակերպել իր ընտանիքին պատկանող գործարանի բացօթյա տարածքում, որի ընթացքում երաժշտություն լսելու նպատակով խնջույքի մասնակիցներից մեկը գնացել է իր վաղեմի ծանոթի հացատուն, խնդրել է իրենց տրամադրել հացատան ձայնարկիչը, ինչին վերջինս համաձայնել է: Հացատան սեփականատերը ևս հրավիրվել է գործարանի տարածք, և նա ծանոթի հետ գնացել է այնտեղ ու մասնակցել խնջույքին:

Որոշ ժամանակ անց, եղանակային պայմանների վատթարացման պատճառով, հացատան սեփականատիրոջ առաջարկով խնջույքը շարունակվել է նշված հացատանը:

Այդ ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 39-ամյա տղամարդու և հացատան սեփականատիրոջ միջև, որի ժամանակ վերջիններս քաշքշել են միմյանց, իսկ 39-ամյա տղամարդը նույնիսկ փորձել է սրահում գտնվող ձայնարկիչով հարվածել հացատան սեփականատիրոջը, ինչը դիպել է երեք ծաղկամանի, և ձայնարկիչն ու ծաղկամանները կոտրվել են: Քաշքշուկն ավարտվել է ներկաների միջամտությամբ, որից հետո 39-ամյա տղամարդը հեռացել է, սակայն մոտ 30 րոպե անց՝ ժամը 23:00-ի սահմաններում, վերադարձել է 30-40 անձանց հետ: Իջնելով ավտոմեքենայից՝ 39-ամյա տղամարդն անմիջապես մոտեցել է հացատան դիմաց  իր մտերիմների հետ կանգնած՝ հացատան սեփականատիրոջը և բռունցքով ուժգին հարվածել նրա ձախ աչքին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

  • Կիսվել: