Գյումրիից բերման ենթարկվածներից 13-ը կալանավորվել են
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 37 անձ է ձերբակալվել։ Նրանցից 29-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։ ՔԿ-ն հայտնեց նաև, որ 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։


