չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գուրգեն Արսենյանը չի ընդունում ավազակային հարձակման մեղադրանքը

Գուրգեն Արսենյանը չի ընդունում ավազակային հարձակման մեղադրանքը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, որը մեղադրվում է ավազակային հարձակում կատարելու համար, չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այդ մասին InfoPort.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կրտսեր Արսենյանի փաստաբան Լուսինե Ասլանյանը։
 
«Իմ պաշտպանյալը կալանավորված է այժմ, և նա ընդհանրապես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը», -ասաց նա։
 
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Գուրգեն Արսենյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։
 
«Մենք բողոքարկել ենք կալանքի որոշումը և հավանաբար մոտակա շաբաթվա մեջ նիստ կնշանակվի», -ասաց փաստաբանը։
 
Լուսինե Ասլանյանը չցանկացավ այս գործի վերաբերյալ այլ հարցերի պատասխանել և միայն ընդգծեց․ «Իմ պաշտպանյալի շահերից ելնելով ինչպես նաև մարտավարական տեսանկյունից, չեմ ցանկանում որևէ բան մեկնաբանել։ Հետագայում մեկնաբանություններ կհնչեն, բայց ներկա փուլում չեմ ցանկանում այս գործի մասին խոսել»։
 
Նշենք, որ Գուրգեն Արսենյանի վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեի վարույթում է։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գ.Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուգրեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել ու ստացել է 20.000 դրամ: Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

  • Կիսվել: