Գործի ամբողջ ընթացքում դատարանը հանդես է եկել որպես երրոդ մեղադրող դատախազ. Միքայել Սրբազանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ընթանում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատալսումները։
Հիշեցնենք, որ գործն ավարտական փուլում է։
Մեղադրողի եզրափակիչ ելույթից հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև Միքայել Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը՝ ասելով. «Մեղարդողներն ընդամենը մեխանիկորեն թվարկեցին նախաքննության ընթացքում ձեռք բերված, մեղադրական եզրակացությունում շարադրված և հիմնական դատալսումների ժամանակ հետազոտված ապացույցները: Այդպես էլ չբացահայտեցին, թե այդ երկարաշունչ մեղադրանքում կոնկրետ ո՞րն է իշխանությունը բռնի զավթելու կոչը»:
Նա նշեց, որ մեղադրանքի կողմն առանց իշխանությունը զավեթելու կոչի առկայության միջնորդում է, որ դատարանը մեղավոր ճանաչի Սրբազանին:
«Առանց վկայակոչելու իշխանությունը բռնի զավթելու կոչը առանց կոչի առկայության դատարանին միջնորդեցին, որ մեղավոր ճանաչի Հայ Առաքելական Եկեղեցու, հայ ազգի նվիրյալ արքեպիսկոպոս Միքայել Սրբազանին»,-նշեց պաշտպանը:
Նրա խոսքով՝ գործի ամբողջ ընթացքում դատարանը հանդես է եկել որպես երրոդ մեղադրող դատախազ, և դրա համար ինքը նրան կանվանի օրենքի ուժով պատվարժան դատարան:
Երեմ Սարգսյանը դատական նիստի ընթացքում միջնորդեց հռչակել Աջապահյանի անմեղությունը և կայացնել արդարացման վերդիկտ։
Հավելենք, որ դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 2–ին։


