շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գորիսի քաղաքապետի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը՝ Լուսինե Ավետյանը

Գորիսի քաղաքապետի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը՝ Լուսինե Ավետյանը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։ Այս մասին այսօր դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Գորիսի քաղաքապետին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

«Շարունակենք պայքարել, որպեսզի հասնենք արդարությանը։ Սա նախադեպը չունեցող բան է, որովհետեւ մի անձի հակասական ցուցմունքով կարող են մի ամբողջ համայնքի գլխատել։ Մի անձը, որը սկզբից ցուցմունքը հերքել է, օրեր անց ինչ-որ ցուցմունք է տվել»,- նշեց նա։

Հարցին՝ ո՞վ է Առուշանյանի դեմ ցուցմունք տվող անձը, փաստաբանն ասաց. «Կալանավորված, տարեց կին է եղել, Քարահունջի ղեկավարի մասին է խոսքը։ Նա սկզբից հերքել է, որ Առուշանյանը որեւէ բան է ասել, օրեր անց հարցաքննել են, մի ցուցմունքով ասել է՝ այո, Առուշանյանն ասել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկեն»։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

 

  • Կիսվել: