երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը․ խնդիրները մնում են չլուծված․ ՄԻՊ

Գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը․ խնդիրները մնում են չլուծված․ ՄԻՊ

Հոգեկան առողջության ոլորտի բազմաթիվ խնդիրներ են շարունակում մնալ չլուծված: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարության մեջ` նվիրված հոգեկան առողջությա օրվան:

«Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է:

Հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։ 

Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատաման արժանի ներուժ:

Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները:

Հոգեկան առողջության ոլորտի բազմաթիվ խնդիրներ են շարունակում մնալ չլուծված:

Պատշաճ երաշխավորված չեն, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների իրավունքները. լուրջ խնդիր է բժշկական ծառայությունների հասանելիությունը հատկապես մարզերում, կայացած չէ ներառական կրության համակարգը, հաճախ են լուրջ բարդությունների առաջ կանգնում ծնողները՝ սկսած երեխայի համար անհրաժեշտ կրթություն ապահովելուց, հասարակությունից երեխայի մեկուսացում թույլ չտալուց մինչև աշխատել-չաշխատելու անլուծելի երկընտրանքը:

Խրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների ապահովումը: Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները ու մարդկանց դնում տարիների քաշքշուկների մեջ, չկա պատասխանատու մարմինների միջև գործառույթների հստակ տարանջատում և այլն:

Այս ամենին զուգահեռ, գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:

Բավարար չէ մասնագետների քանակը, խիստ թերի են մասնագիտական վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին համահունչ:

Անընդունելի են հոգեբուժարաններում կամ այլ հատուկ հաստատություններում աշխատանքային պայմանները, ցածր է աշխատողների սոցիալական երաշխիքների մակարդակը: Այս ամենն էլ անմիջական բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան առողջության և մատուցվող ծառայությունների որակի վրա:

Իսկ գործնականում էլ շատ են դեպքերը, երբ հարցերը լուծվում են ոչ թե պետական քաղաքականության, այլ մասնագետների անձնական ջանքերով ու նրանց անձնական բարեխղճության շնորհիվ:

Ինքս շարունակելու եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում հետևողական քայլերով նպաստել այս ոլորտի խնդիրների լուծմանը:
Պետք է սովորենք գնահատել ու աջակցել իրար և բացառել խարանն ու խտրականությունը»:

  • Կիսվել: