Գլխավոր դատախազը մտահոգված է բանակում զինվորական կարգապահության խնդիրներով
Զինված ուժերում առկա են հրամանների կատարման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի հետ կապված խնդիրներ։
ԱԺ-ում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ դատախազության կենտրոնացումն ուղղված է բանակը տարբեր ոտնձգություններից զերծ պահելուն, և դրա շրջանակում պարբերաբար հանդիպումներ են նախատեսվում սպայական կազմի հետ՝ պարզ, աշխատանքային քննարկումների ձևաչափով։
«Փորձելու եմ հասկանալ, թե ի՞նչն է պատճառը ոչ կանոնադրային հարաբերությունների, որոնք կան բանակում»,- նշեց Վարդապետյանը։
Նա ընդգծեց, որ իր համար, գոնե քրեական վարույթների շրջանակում, ակնհայտ է՝ բանակում հրամանի կատարման և հրամանի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի հարցում խնդիրներ կան։
«Սա հետևանք է զինվորական առաջնորդության բացերի և տարբեր ենթամշակութային մոտեցումների բախման»,- ասաց գլխավոր դատախազը։