Գեորգի Կուտոյանի մահվան օրը նրա Glock 34 ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան օրը նրա Glock 34 ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել: Այս մասին InforPort.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է քննչական խումբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Մշակվել է քննչական և դատավարական գործողությունների պլան: