երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Գարեգին Երկրորդի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան

Գարեգին Երկրորդի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան

Քննչական մարմինը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի 68-ամյա եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան): Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով:

Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը: Եթե այս ստանդարտն է գործելու, ապա պատկերացրեք օրինակ մեկ անձ հաղորդում տա և ասի, որ քննիչը կամ դատախազը կամ դատավորը իրենից կաշառք է պահանջել: Ի՞նչ եք անելու այս ժամանակ»,- գրել է նա։

 Հիշեցնենք՝ փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:

«Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ»,- գրել էր նա՝ հրապարակելով նաև տեսանյութ։ 

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են:

  • Կիսվել: