շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանը ողնուղեղի հետ կապված խնդիր ունի. պաշտպանը նրա ազատության համար առաջարկվում է 230 մլն դրամ գրավ

Գագիկ Խաչատրյանը ողնուղեղի հետ կապված խնդիր ունի. պաշտպանը նրա ազատության համար առաջարկվում է 230 մլն դրամ գրավ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել մասնակցել իր խափանման միջոցի հարցի քննությանը

Երեմ Սարգսյանի խոսքով` քննիչի կողմից մատնանշված էական հանգամանքները պարզելու համար նշանակվել էր բժշկական կոնսիլիում, սակայն եզրակացության տրամադրումը միտումնավոր ձգձգվել է. «Առողջապահության նախարարի հրամանով հրավիրվեց կոնսիլիում։ Հետազոտություններն ավարտվեցին, սակայն եզրակացությունը չտրվեց` հանկարծ պարզվեց, որ մեկ ամիս անց կոնսիլիումի անդամները չէին կարողացել որոշել, թե ինչ առողջակա խնդիրներ ունի Խաչատրյանը և նոր՝ ավելի ընդլայնված կազմով կոնսիլիում հրավիրվեց։ Հետո պարզվեց, որ կոնսիլիումի պատասխանը դեռևս հուլիսի 4-ին էր պատրաստ, սակայն եզրակացությունը չէր տրամադրվում»։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանն ունի ողնուղեղի հետ կապված լուրջ առողջական խնդիր. «Գերմանական հիվանդանոցում մեկ այլ կոնսիլիում էր հրավիրվել` արդեն աշխարհահռչակ բժիշկների մասնակցությամբ, և նրանց կողմից տրվել է եզրակացություն այն մասին, որ եթե Գագիկ Խաչատրյանը չգա և բուժումները չշարունակի, նրան կրկնակի վիրահատության ենթարկելու կարիք կլինի»,–ասաց նա։

Նշենք, որ այսօրվա նիստում Երեմ Սարգսյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին` հիմնավորելով, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը. «Ինչպե՞ս է ստացվում, որ նույն դատավորին է մակագրվում գործը։ Դատարանի այն պատճառաբանությունը, թե նա է հերթապահ դատավորը, հիմնավոր չէ,  քանի որ այս նստավայրում հերթապահ դատավորները 5–ն են և այլ դատավորի կարող էր մակագրվել»։

Դատարանն, սակայն, մերժել է պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությունը։

Երեմ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդել է թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամը։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30-ին պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեղադրանքով:

 

  • Կիսվել: