չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը հետաձգվել է

Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը հետաձգվել է

Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման գործով դատական նիստն այսօր բացվեց և հետաձգվեց:

Դատական նիստը նախագահող՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ նիստը հետաձգելու մասին միջնորդություն են ներկայացրել Գագիկ Բեգլարյանը և նրա ընտանիքի անդամները՝ կինը, որդին և դուստրը։ Միջնորդությամբ նախկին պաշտոնյան և իր ընտանիքի անդամները հայտնել են, որ նախորդ նիստերին մասնակցած փաստաբանն այլևս չի ներկայացնում իրենց շահերը, և խնդրել են այդ հիմքով նիստը հետաձգել։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ նախկին պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների։ Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա ընտանիքի անդամաներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 16.8 միլիարդ դրամ արժեք ունեցող ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձել։ Բռնագանձման ենթակա գույքերի ցանկում են նաև Գագիկ Բեգլարյանին պատկանող Մոնումենտի 2 առանձնատները, որոնց «Հետքն» անդրադարձել էր 2018 թ․-ին։

  • Կիսվել: