հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եվրամիության երկրներն սկսել են ավելի հաճախ վիզա տրամադրել ՀՀ քաղաքացիներին․ Արփինե Սարգսյան

Եվրամիության երկրներն սկսել են ավելի հաճախ վիզա տրամադրել ՀՀ քաղաքացիներին․ Արփինե Սարգսյան

Եվրամիության երկրների դեսպանատներում հաճախացել են Հայաստանի քաղաքացիների՝ շենգենյան վիզա ստանալու դիմումների, այդ թվում՝ բազմակի մուտքի վիզաների, հաստատման դեպքերը։ Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ընթացքում։

Հակառակի մասին խոսակցությունները նա անվանել է ապատեղեկատվություն։ «Միաժամանակ կան հերթերի հետ կապված բողոքներ, և դեսպանատները աշխատում են այս խնդրի լուծման համար իրենց հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ»,- հավելել է նա։

Նախարարը հայտնել է, որ 2019 թվականին Հայաստանի քաղաքացիներին տրվել է 51 հազար շենգենյան վիզա (այդ թվի 34,8%-ը եղել են բազմակի սահմանահատման վիզաներ), իսկ 2024 թվականին՝ 86 300 (այդ թվի 43,5%-ը եղել են բազմակի սահմանահատման վիզաներ)։
Նրա խոսքով՝ 2019 թվականին վիզաների մերժումների բաժինը կազմել է 13,2%, իսկ 2024 թվականին՝ 12,4%։

  • Կիսվել: