ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի փաստաբանները հայց են նախապատրաստում նախարարի մասին ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների դեմ
ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանի գրասենյակը արձագանքել է մամուլում շրջանառվող լուրերին առ այն, որ նախարարը իբրև թե մասնակցություն ունի կոռուպցիոն գործարքներում և այդ ամենը բացահայտվել է ԵՏՀ ղեկավարության կողմից:
Գրասենյակը կտրականապես հերքում է այդ լուրերի իսկությունը:
Ավելին՝ ինչպես InfoPort.am կայքին փոխանցեցին նախարարի գրասենյակից, Գեղամ Վարդանյանի իրավաբանը ծանոթացել է պաշտոնի չարաշահման վերաբերյալ համացանցում զետեղված ԶԼՄ-ների հրապարակումներին և ներկա պահին դատական հայց է նախապատրաստվում լուրի սկզբնաղբյուր հանդիսացող լրատվամիջոցի դեմ` ապատեղեկատվություն տարածելու համար:
Նշենք, որ օրեր առաջ Pastinfo.am կայքը հայտնել էր այն մասին, որ 2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։
Ըստ կայքի` ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
«ՀՀ ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման և տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ։ Քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որի՝ Գեղամ Վարդանյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորվել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա»,- գրել է կայքը։
Նմանատիպ անդրադարձ կայքը կատարել է նաև ԵՏՀ հայաստանյան մեկ այլ ներկայացուցիչ` Արտակ Քամալյանի հասցեին: Նորից պնդելով, որ նա ևս կասկածվում է կոռուպցիոն չարաշահումների մեջ: Քամալյանի գրասենյակի հետ այս առնչությամբ InfoPort.am-ին դեռևս կապ հաստատել չի հաջողվել: