Եթե Վճռաբեկ դատարանը չբավարարի Վարդան Հարությունյանի խափանման միջոցը փոխելու հայցը, նրա պաշտպանական խումբը կդիմի ՄԻԵԴ
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտպանական թիմը տասնհինգօրյա ժամկետում պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան նրա խափանման միջոցը փոխելու հայցով։ Այս մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։
«Իսկ եթե ներպետական դատական ատյաններում կալանքի վերանայման հայցը չբավարարվի, մենք կդիմենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,- նշեց նա։
Անդրիկյանը ընդգծեց, որ որ տվյալ գործը իրավական ֆարս է հիշեցնում․ «Փորձ է արվում վերաբացել տարիներ առաջ փաստերի բացակայության հիման վրա փակված գործը։ Իսկ ամենակարևորը, որ նախկին վարույթով էլ որևէ ապացույց ձեռք չի բերվել Վարդան Հարությունյանի «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապի առնչությամբ։ Այս տարիների ընթացքում տվյալ գործի հետ կապված որևէ նոր փաստ ի հայտ չի եկել։ Թե ինչու է Գլխավոր դատախազությունը որոշել վերաբացել տվյալ գործը, անհասկանալի է։ Պաշտոնական բացատրությունը այն է, որ նախորդ քննության ժամանակ որոշակի գործողություններ չեն իրականացվել։ Բայց սա ուղղակի աբսուրդ է։ Նման տրամաբանությամբ ցանկացած փակված գործ կարող է տարիներ հետո կամայականորեն վերաբացվել։ Այդ դեպքում ու՞ր են մնում պետության կողմից քաղաքացուն տրված երաշխիկները»,- նկատեց Անդրիկյանը։
Պատասխանելով այն հարցին, թե որն է գործի վերաբացման իրական դրդապատճառը, եթե իրավական հիմքեր առկա չեն, Անդրիկյանը մեջբերեց Վարդան Հարությունյանի օրերս արած հայտարարությունը առ այն, որ նրա նկատմամբ իրականացվող իրավական ֆարսի իրական պատճառը ներկայումս կալանավորված «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ ընկերությունն է ու նրան աջակցելու հանգամանքը։
Նշենք, որ նախօրեին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կալանավորվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Նրան իրավապահները մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացմանմեջ, մինչդեռ, մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018թ․ քննություն է իրականացվել և վարույթը կարճվել էր։


