Եթե էս երկրում արդարություն կա, ինչո՞ւ է իր պաշտոնը շարունակում ընտրվելու օրվանից մատը մատին չտված Վահե Գրիգորյանը. Պետրոսյան
Գործալիքը՝ անպատիժ: Նման վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածին, համաձայն որի՝ աշխատողը կարող է գործալքության պատճառով ազատվել աշխատանքից:
Պետրոսյանը, մասնավորապես, գրել է. «ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ աշխատողը կարող է գործալքության պատճառով ազատվել աշխատանքից, եթե նա ընդամենը մեկ աշխատանքային օր (հերթափոխ) առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, ասել է թե՝ չի կատարում իր պարտականությունները:
Բա հիմա, եթե էս երկրում արդարություն և հավասարություն կա, բա ինչո՞ւ է իր պաշտոնը շարունակում վայելել ՍԴ ինքնահռչակ նախագահ, ընտրվելու օրվանից մատը մատին չտված անդամ Վահե Գրիգորյանը:
Այսօր այս «պարոնն» արդեն «պերճախոսել» է Վենետիկի հանձնաժողովի հասցեին...
Փաստորեն, այս անձնավորությունը պետական բյուջեից ահռելի աշխատավարձ ու խրախուսումներ է ստանում ընդամենը ֆեյսբուքում ծավալվելու համար...
Էլի խտրականություն, էլի երկակի ստանդարտներ:
Աշխատող մարդկանց դուրս են մղում, տեղը բերում են անբան ու ամուլ վիպասաններին:
Սա է՞ նոր Հայաստանի հմայքը...»: