երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե չկա լատենտ նպատակ, ապա ողբերգություն տեղի չի ունեցել. փաստաբանը՝ գաղտնալսումների մասին

Եթե չկա լատենտ նպատակ, ապա ողբերգություն տեղի չի ունեցել. փաստաբանը՝ գաղտնալսումների մասին

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն, հետաքննության մարմնի ղեկավարն առանց դատարանի որոշման, իրավունք ունի իրականացնելու գաղտնալսում, եթե կան պետական անվտանգությանը սպառնացող իրադարձությունների մասին տեղեկություններ։ Այս մասին  այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններին, որի համաձայն, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն է տրվել նաև ոստիկանությանը։

Սակայն այդ դեպքում էլ, ըստ փաստաբանի, հետաքննող մարմինը 48 ժամի ընթացքում պետք է դիմեր դատարան և ստանար թույլտվություն, իսկ եթե թույլտվություն չի ստացվում՝ միջոցառումը դադարեցվում է. «Այսինքն՝ այս մասով օրենսդրական փոփոխություն առկա չէ»։

Վահան Հովհաննիսյանի խոսքով, միակ փոփոխությունը, որ կատարվել է օրենքում, այն է՝ ոստիկանությանը ևս տրամադրվել է լիազորություն, որ իրականացնի օպերատիվ-հետախուզական միջոցառման ամրագրումը, քանի որ բուն միջոցառումը կարող են իրականացնել և Քրեակատարողական ծառայությունը, և ոստիկանությունը, և ԱԱԾ-ն։

«Իշխանության որոշման միակ ողջամիտ պատճառաբանությունն այն է, որ դրանով ցանկանում են հավասարակշռել ոստիկանության և ԱԱԾ-ի լիազորությունները, սակայն այդ պատճառաբանությունը, ըստ իս, քննադատության չի դիմանում, քանի որ եթե մենք շարժվում ենք զուտ այդ տրամաբանությամբ, ապա լիազորությունը պետք է տրվեր նաև քրեակատարողական ծառայությանը, ինչը չի կատարվել այս դեպքում»,- ընդգծեց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանի կարծիքով, եթե պետությունը չունի լատենտ նպատակ՝ ստեղծելու ոստիկանապետություն, և չունի լատենտ նպատակ՝ տոտալ գաղտնալսումներ կատարելու, ապա իրավական ողբերգություն տեղի չի ունեցել, պարզապես լոկալ բնույթի տեխնիկական փոփոխություններ են տեղի ունեցել։

Սակայն, ըստ նրա, վերջին շրջանի իրադարձությունները հանգեցնում են նրան, որ իրականում այդպիսի վտանգ կա։

 

 

  • Կիսվել: