Ես ի՞նչ ունեմ մտածելու. Մի 20 հատ դատական հայց ունեմ կրած. Ալեն Սիմոնյան
Նախ, որևիցե մեկը որևիցե մեկի պահանջ չի կատարում, կա քննարկում, հայկական կողմը բազմաթիվ թեզեր է առաջ քաշել և ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելով եկել համաձայնության, բայց չի կարելի չէ ասել, որ հայկական կողմի պահանջով Ալիևը ինչ-որ բան է անում, կա քննարկում և մենք յուրաքանչյուր քննարկման պատրաստ ենք։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառմանը, ըստ որի ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված բացահայտել Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողին, եւ որ դա «կարվում է» Նիկոլ Փաշինյանի վրա, որի դեպքում դա լեգիտիմ իրավունք է տալիս ռազմական գործողություններ նախաձեռնել Հայաստանի դեմ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Տիգրան Աբրահամյանի մեկնաբանությանը չեմ ուզում անդրադառնալ, կասեմ միայն, որ Տիգրան Աբրահամյանը ավելի լավ է անհանգստանա Սերժ Սարգսյանի քրեական գործերով և դատավարություններով ՀՀ-ում և իրենց իշխանության ժամանակ կարկառուն դեմքերի։ Թող դրանով անհանգստանա:
Կարող եք բացել, նայել, թե որքան գումար է մուտք գործվել այդ իմ նշած մարդկանց մոտից պետական բյուջե և այդ պրոցեսը շարունակվելու է: Որևիցե մեկը ապահովագրված չէ ոչ այսօր, ոչ վաղը այդ պրոցեսից խուսափելու»:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ մի օր այդ գործընթացն իրեն էլ կարող է հասնել, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես ի՞նչ ունեմ մտածելու: Մի 20 հատ դատական հայց ունեմ կրած, որ այդ հեքիաթները, այդ պատմությունները որևիցե իրավիճակի հետ չեն համապատասխանում: Եթե կպարզվի, չնայած ես չգիտեմ ԱԺ-ում ես բյուջեի հետ որտեղից պետք է ինչ-որ եկամուտ ունենամ, կամ ազդեցություն ունենամ, այո, այդ թվում նաև ինձ է դա վերաբերվում»: