Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին
Երևույթն ինքնին դատապարտելի է, որովհետև բարձր դասարանցիների կողմից ավելի ցածր դասարանցիների նկատմամբ նմանատիպ վարքագիծը և առհասարակ նմանատիպ վերաբերմունքը դպրոցական միջավայրում անընդունելի են: Ըստ իմ տեղեկությունների՝ նաև դպրոցի տնօրենն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպին, որի առնչությամբ ՔԿ-ն 4 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում:
«Շատ մտահոգիչ դեպքի մասին ենք խոսում, որովհետև կրկին առերևույթ թմրամիջոցի օգտագործման, առերևույթ շանտաժի դրվագներ ունենք, նաև ունենք խնդիրներ դեպքի չբարձրաձայնման մասով:
Դեպքի հետ կապված՝ ունեցել ենք օպերատիվ տվյալների իրացում, որի արդյունքում կարողացել ենք շատ մանրամասներ պարզել և փոխանցել ՔԿ-ին, որն էլ պրոցեսը ճիշտ տրամաբանությամբ կարողացել է առաջ տանել»,- ասաց նախարարը:
Ըստ Արփինե Սարգսյանի՝ այնուամենայնիվ, դեռ կան ճշգրտման ենթակա տվյալներ, օրինակ՝ ըստ նախարարի վերջին տեղեկության՝ սպիտակ փոշենման զանգվածի մասով փորձագիտական եզրակացությունը դեռ չի փոխանցվել ՔԿ-ին:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն էր առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ, որպեսզի կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնեն։
Ըստ ՔԿ-ի՝ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, իսկ 1 անձ ձերբակալվել է: