երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան դեպքով վկաներ կան. ՌԴ ՔԿ

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան դեպքով վկաներ կան. ՌԴ ՔԿ

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չի հանդիսացել, նա Պյատիգորսկ քաղաքում ուներ ժամանակավոր գրանցում, գրում է armtimes.com-ը:

Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ Ստավրապոլ երկրամասի քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ  2019 թվականի նոյեմբերի 28-ին Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Бородинское пиво «Сюрприз» ՍՊԸ մասնավոր գարեջրագործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել էր Աշոտ Կարապետյանը եւ նրա մորեղբայրը՝ հիշյալ գործարանի տնօրեն Տիգրան Տարփոշյանը:

ՌԴ Ստավրապոլ երկրամասի քննչական կոմիտեից ՀԺ-ին նաեւ հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կան վկաներ, որոնց հետ տարվում են քննչական գործողություններ:

Ստավրապոլի քննչական կոմիտեն իր պատասխանում նշել է նաև, որ պայթյունի պատճառի հետ կապված նոր մանրամասներ չկան, այնպես որ քրեական գործը հարուցվել եւ մնում է ՌԴ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 3-րդ մասով, որը ենթադրում է արտադրական աշխատանքի գործընթացում պահպանել, փոխադրել և օգտագործել այնպիսի նյութեր, որոնք չեն համապատասխանում արտադրական անվտանգության կանոններին և կարող են պատճառ հանդիսանալ երկու և ավելի մարդու անզգույշ մահվան համար:

Ի դեպ, ՌԴ դաշնային պետռեգիստրում նշված է, որ պայթյունի հետևանքով մահացած Աշոտ Կարապետյանի մորեղբայրը՝ Տիգրան Տարփոշյանը գրանցվել է որպես «Бородинское пиво «Сюрприз» ՍՊԸ-ի տնօրեն տեղի ունեցած դեպքից ընդամենը երկու օր առաջ՝ նոյեմբերի 26-ին, փոխարինելով նախկին տնօրեն Միհրանյան Պատվականին: «Бородинское пиво «Сюрприз» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ Գասպարյան Արմեն անուն ազգանունով անձի կողմից: 2019 թվականի դեկտեմբերի 27-ից ՍՊԸ-ի տնօրեն է հանդիսանում Փափախչյան Ամելիան:

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը համակարգում աշխատում էր 1995 թվականից: Նա պաշտոնից ազատվեց 2016 թվականին՝ Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո:

 

  • Կիսվել: