Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի տնօրենի կողմից 120 մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հունվարի 8-ին «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ եւ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունների միջեւ կնքվել է բեռի փոխադրման մասին պայմանագիր, որի համաձայն՝ վերջինս պարտավորվել է պատվիրատուի կողմից իրեն վստահված բեռները հասցնել նշանակման վայր: Պայմանագրի հիման վրա իրականացված բեռնափոխադրումների համար կազմված 17 հաշիվ-վավերագրերի արդյունքում «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության հանդեպ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության պարտքը 2019 թ. ապրիլի 3-ի դրությամբ կազմել է 120.735.150 ՀՀ դրամ, որը վերջինիս կողմից չի վճարվել:
2019թ. օգոստոսի 1-ին «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունը դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ վերոհիշյալ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, որը դատարանի կողմից վարույթ է ընդունվել:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությանը վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, իր ստորագրությամբ հաստատելով, կեղծել է քննությամբ դեռեւս չպարզված անձի կողմից մինչ այդ կազմված, «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության տնօրենի փոխարեն վերջինիս ստորագրությունը դրանում կեղծած «11.01.2019թ.» թվագրությամբ «Համաձայնագիր /պայմանագիրը փոփոխելու մասին/» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթը եւ այդ կեղծ փաստաթղթի պատճենը, որպես ապացույց օգտագործելով, իր ընկերության ներկայացուցչի միջոցով 2019թ. սեպտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության` 2019 թ. հունվարի 8-ին կնքված բեռի փոխադրման մասին պայմանագիրը եւ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության անվամբ դուրս գրված հաշիվ վավերագրերը անվավեր ճանաչելու պահանջների մասին, որը դատարանի կողմից ընդունվել է վարույթ:
«Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը վերոհիշյալ կեղծ փաստաթղթի պատճենը կրկին օգտագործելով որպես «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության պահանջը հերքող ապացույց՝ սնանկության գործի քննության ընթացքում 2019 թ. օգոստոսի 30-ին դատական նիստի ժամանակ իր ընկերության ներկայացուցչի միջոցով ներկայացրել է սնանկության դատարանին:
Արդյունքում «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը դատարաններում, որպես ապացույց, ներկայացուցչի միջոցով օգտագործելով իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ փաստաթուղթը, ուղղակի դիտավորությամբ խաբեության եղանակով խոչընդոտել է «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությանը ստանալ բեռնափոխադրումների արդյունքում գոյացած 120.735.150 ՀՀ դրամ գումարը՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով (2 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: