շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 4-ամյա երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրվարույթ

Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 4-ամյա երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրվարույթ

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք։ Լուրը հաստատեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Նախնական տեղեկություններով՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

 ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով։

«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանկարծամահության հատկանիշներով։ Այս պահին ակտիվ քննչական գործողություններ  են իրականացվում հանագամանքները և պատճառները պարզելու նպատակով։ Քննչական գործողություններ են իրականացվում նաև մանկապարտեզի բուժանձնակազմի հետ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այլ հանգամանքների մասին դեռևս ոչինչ ասել չեմ կարող»,–հավելեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ տեղեկացրեց, որ երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, մանկապարտեզի աշխատակիցները շտապօգնություն են կանչել։

«Չեն սպասել շտապօգնության մեքենայի ժամանմանը, սեփական մեքենայով տեղափոխել են Արաբկիր ԲԿ, որտեղ, ցավոք, բժիշկները երեխայի կյանքը փրկել չեն կարողացել։ Քանի որ կա նախաձեռնված քրեական վարույթ, դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել երեխան առողջական խնդիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո որոշ հանգամանքներ պարզ կլինեն»,-ասաց նա։

Նշենք, որ, լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզի սանը՝ 4-ամյա Նատալի Ե.-ն, շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում մանկապարտեզից տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

  • Կիսվել: