ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Էլի են դեպքեր եղել` բենզինով զինվորները փորձել են վառել վառարանը. Շատ բաներ անհասկանալի են. Ազատի զորամասի գործով վկա

Էլի են դեպքեր եղել` բենզինով զինվորները փորձել են վառել վառարանը. Շատ բաներ անհասկանալի են. Ազատի զորամասի գործով վկա

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական այսօրվա՝ հունվարի 24-ի նիստում գործով վկա, ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության նախկին պետ Սարգիս Մազմանյանը հարցաքննության ժամանակ նշեց, նախկինում էլի են եղել դեպքեր, երբ զինծառայողները փորձել են բենզինով  վառել վառարանները ու հրդեհ է բռնկվել։

Հարցին՝ կոնկերտ Ազատ գյուղի զինվորական կացարանում հակահրդեհային անվտանգության տեսանկյունից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, արդյո՞ք համապատասխանել են ստանդարտներին և իրավական ակտներին, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչ միջոցներ են ձեռնարկվել, եղել եմ դեպքի վայրում առավոտյան 8-ին,  երբ կացարանն արդեն  այրված վիճակում էր գտնվում։ Մինչ այդ տեղյակ չեմ եղել, թե ինչ միջոցներ են նախապես ձեռնարկված եղել։ Սակայն գրություններ են ուղարկված եղել զորամասեր, որ տարատեսակ  կացարաններն ապահովվեն կրակմարիչ միջոցներով»։

Տուժածների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանն ասաց, որ տարածքում  ծնողների հետ կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են զրահաբաճկոններ, որոնք, ըստ էության, այրված չեն, այնպես չեն վնասվել, որը ենթադրվում էր  այդ հրդեհի  պայմաններում, սա ինչո՞վ կբացատրեն, Ս.Մազմանյանն ասաց. «Ոչ մի բացատրություն չունեմ տալու, որովհետև ես յութուբյան ալիքում  տեսել եմ՝ ինչպես է կացարանը վառվում, լսել եմ տղաների ձայները, հետևաբար ես չեմ պատկերացնում, որ նմանատիպ զրահաբաճկոնները կարող են ամբողջական մնալ կամ այրվեն մակերեսորեն։

Հնարավոր է, դրանց վրա մի բան է գցված եղել, որպեսզի չփոշոտվեին, չաղտոտվեին»։

Զոհած զինծառայողներից մեկի հարազատն ասաց. «Զրահաբաճկոններն իրար վրա շարված են եղել պատի տակ։ Կողքը դրված է  եղել զենքի արկղ, որը  չի այրվել, բայց ամենաշատ այրվողը պետք է դա լիներ։ Ծածկված չեն եղել։

Այնտեղ զենքի պատրոններ կան, ոչ մեկ ոչ գնացել է, ոչ քննություն է տարել։ Մինչև օրս լցված են այնտեղ։ Մենք գնում ենք, ուսումնասիրում ենք։ Կարող է գնանք ու էլի բաներ գտնենք»։

Նորայր Նորիկյանը Մազմանյանին հարցրեց. «Ինչպե՞ս կբացատրեք՝ հրդեհը տարածվել է սենյակում, մի մասում ընդհատվել է ու այրված չէ, հետո էլի այրված է»։

Ս. Մազմանյանն ասաց՝ որպես հրդեհային անվտանգության մասնագետ, նման բան չի տեսել իր պրակտիկայի ընթացքում. «Եթե բենզինը տարածվել է, խոչընդոտ չունի, ինքը ամբողջովին տարածվելով՝ գնում է, և տարածքում պետք է համապարփակ այրվածքներ լիներ։ Ինչքան հրդեհի ուսումնասիրություն կատարել եմ, հրդեհաշիջումների մասնակցել եմ, հիմնականում որտեղ հրդեհը տեղի է ունեցել, առնվազն 90 տոկոսը այրված է եղել,10 տոկոսը գուցե ոչինչ եղած չլինի։ Ես նման բան չեմ տեսել իմ պրակտիկայի ընթացքում, սակայն չստելու համար կամ այլ վարկածներ առաջ չբերելու համար չեմ էլ հերքի, որ հնարավոր է, հնարավորությունն էլ չեմ կարող ապացուցել, չեմ էլ կարող ապացուցել այն հանգամանքը, թե ինչու է տենց բան եղել։ Նախադեպը չունեցող հրդեհ է եղել, շատ բաներ ինձ համար էլ են անհասկանալի»,-asac na:

 

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

  • Կիսվել: