երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի արդյունահանում։
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Պարզվեց, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։

 

Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնեցին բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս չորս հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։

 

Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: