Ձերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»
«Հետք»․ Երեկ՝ 2025թ. հունիսի 17-ին, միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի Տաթև գյուղում, որի հետևանքով 34-ամյա աղջիկը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: Ժամեր անց, բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նրա եղբայրը: Նրանց հայրը պնդում է, որ դստերը վնասվածքներ է պատճառել Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: «Հետքի» տեղեկություններով՝ Գ. Մինասյանը ձերբակալվել է: Վերջինիս թիմակիցները պնդում են, որ կատարվածը քաղաքական դրդապատճառ ունի, և Գոռ Մինասյանն ամենևին կապ չունի կատարվածի հետ:
Տուժածների հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը երեկ՝ 2025թ. հունիսի 17-ին, գյուղում 3 անգամ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է դստեր՝ Մարո Մարտիրոսյանի մեքենային, այնուհետև 2 այլ տղամարդու հետ բացել են դստեր մեքենայի դուռն ու ծեծել Մարոյին, ինչի հետևանքով վնասվածքներ կան դեմքի տարբեր հատվածներում, կոտրվել է նաև քիթը։
Մարո Մարտիրոսյանին տեղափոխել են Գորիսի հիվանդանոց, որտեղից էլ Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վարուժան Մարտիրոսյանը պատմեց, որ Երևանի հիվանդանոցում են եղել, երբ Էրեբունի վարչական շրջանից բժշկական կենտրոն տեղափոխել են նաև որդուն՝ Կարո Մարտիրոսյանին։ Դեմքն այնքան վնասված է եղել, որ սկզբում չի ճանաչել որդուն։
Վարուժան Մարտիրոսյանի պատմելով՝ Էրեբունի վարչական շրջանում մուրճով կոտրել են տղայի ոտքը և դաժան ծեծի ենթարկել։ Վ. Մարտիրոսյանը զավակներին ծեծելու դեպքերը միմյանց հետ է կապում։
Հարցին, թե ինչն է եղել դստեր ու որդու նկատմամբ դրսևորած նման վերաբերմունքի պատճառը, Վարուժան Մարտիրոսյանը դժվարացավ հստակ պատասխանել: Ասաց, որ 2018թ. մարտ ամսին իր սեփական կառուցապատված տարածքի մի մասը գաղտնի սեփականացրել են, ինչի մասին իմացել է մոտ մեկ տարի անց։ Դիմել է իրավապահ մարմիններին, դատարան, ինչից էլ վարչական ղեկավարի հետ լարվածությունը խորացել է։
Մասնավորապես՝ Վարուժան Մարտիրոսյանը 2022թ. մայիսին Գ. Մինասյանի դեմ հայց է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Տաթևի վանքի հարակից տարածքի թիվ 4 օբյեկտ հասցեում գտնվող 0,4135 հա մակերեսով հողամասից 910 քմ մակերեսով ապօրինի տիրապետվող հողատարածքը վերադարձնելու պահանջով։ Գործի դատաքննությունը դեռ շարունակվում է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։