երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ձերբակալվել է պատգամավոր Սարուխանյանի ընկերոջը ծեծի ենթարկած երրորդ անձը

Ձերբակալվել է պատգամավոր Սարուխանյանի ընկերոջը ծեծի ենթարկած երրորդ անձը

«Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ բերման է ենթարկվել և ձերբակալվել Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովը, ով նույնպես մասնակից էր Անի թաղամասի «Ջավախք» խանութի դիմաց տեղի ունեցած միջադեպին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Նա նշել է. «Հիշեցնեմ, որ այս կապակցությամբ իր կողմից հանձնարարվել է ոստիկանության «Մուշ»-ի բաժնի աշխատակիցներին ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական գործ հարուցել»։

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր "ֆեյսբուքյան" էջում հրապարակում է կատարել, ըստ որի'  Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Այս մասին PrimeNews-ին հայտնեցին Ոստիկանությունից։

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։

"Շեկո" մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։

Միջոցառումները շարունակվում են միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում նաև գրառում էր արել՝ նշելով, որ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու մասին իր գրառումը դարձել է հաշիվ պարզելու, ծեծկռտուքի թեմա։ Քոչարյանին սատարողները ծեծի են ենթարկել իր ընկերոջը, որի միջոցով սպառնացել են նաև իրեն։

Իր հերթին Գյումրու քաղաքացի Կարապետ Պողոսյանն, ում Սարուխանյանը մեղադրել էր ծեծի մեջ, արձագանքել է պատգամավորի մեղադրանքին։ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. «Հայտնում եմ, որ ես և Գարիկը, որևէ կապ չունենք ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակի հետ, իսկ ինչ վերաբերում է Սարուխանյան Կարենին տեսնել ցանկանալու կամ որևէ մեկին ծեծի ենթարկելու մասին, վաղը հանգամանալից արդեն լրատվությամբ կխոսեմ, կասեմ մեզ《 շառով տալու》դրդապատճառների և գործ սարքելու մասին»:

  • Կիսվել: