Դուք որևէ բառ Հոկտեմբերի 27-ից չեք ասել, մե՞զ էիք խնայում՝ ինձ չխնայեիք, տվե՛ք մեզ հեռանկարն օր առաջ 27-ի թեման փակելու. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին
Այսօր՝ մայիսի 8-ն, Երկրապահի օրն է, ըստ ավանդույթի, պետք է գնայի Եռաբլուր, չեմ գնացել, որպեսզի լսեմ տիկին դատախազի ելույթը, թե ինչ կա Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված: Այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Անձամբ ինձ հետաքրքրել են Ձեր մոտեցումները երկու կարևորագույն չբացահայտված գործերով՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1: Դուք ասացիք, որ դա մեր երկրի պատվի հարցն է, ճիշտ է, Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն է, որի չբացահայտումը ոչ մի լավ տեղ չի տանելու»,-ասաց նա
Նա նորից ընդգծեց՝ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին: «Այսօր 2025 թվականն է՝ Երկրապահի օրն է, չեմ գնացել՝ ի՞նչ պետք է ասեի ես Վազգեն Սարգսյանին՝ գերեզմանին նստելուց, խունկ վառելուց: Ես բավարարված չեմ, Դուք որևէ բառ Հոկտեմբերի 27-ից չեք ասել, մե՞զ էիք խնայում՝ ինձ չխնայեիք, Գագիկ Մելքոնյանին, Սեյրան Օհանյանին չխնայեիք: Տվեք մեզ հեռանկարն օր առաջ 27-ի թեման փակելու, կարևորագույն վկաներ դեռ կան»,-ասաց պատգամավորը: