«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր ստացել է շուրջ 200 նյութ, որոնք վերաբերում են հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 անձի։ Դատախազությունը, սակայն, չի բացահայտում, թե հանրությանը հայտնի որ անձանց գույքն է հայտնվել իրենց խոշորացույցի տակ։ Վարչությունն էլ համակարգում է գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին եւ դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր: Միեւնույն ժամանակ, հաղորդագրության համաձայն, Արթուր Դավթյանը վարչության դատախազներին հանձնարարել է է՛լ ավելի մեծ հետեւողականությամբ եւ ակտիվությամբ իրականացնել իրենց գործառույթները բավարար ապացուցողական բազայի հիման վրա հնարավորինս շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հացեր ունենալու եւ դատարան ուղարկելու համար:

Հենց այս հաղորդագրությունից էլ հասկանալի է դառնում, որ գլխավոր դատախազը, ըստ էության, դժգոհ է վարչության կատարած աշխատանքներից եւ առաջիկայում է՛լ ավելի ակտիվություն է ակնկալում եւ սպասում, որ պետք է գործեր ուղարկվեն դատարան, ինչը մինչեւ այժմ չի եղել: Այսինքն՝ թեեւ դատախազությունն այդքան նյութ է ստացել, սակայն դրանք պատշաճ քննության չեն անցել ու դատարան չեն ուղարկվել, եւ աշխատանքի ծավալը չի գոհացրել դատախազին:

Հավելենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետը, այսինքն՝ Սրբուհի Գալյանը, ստանում է 660 հազար դրամ աշխատավարձ: Վարչության պետի տեղակալը ստանում է 630 հազար, իսկ ավագ դատախազն էլ՝ 600 հազար դրամ աշխատավարձ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության դատախազի աշխատավարձի գործակիցը 8.50-ն է, եւ նա ստանում է մոտ 570 հազար դրամ աշխատավարձ: Սակայն այս ամենից հետո արդյունք չունենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում