հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումն ապօրինի է. Փաստաբանը հայտնեց` Վերաքննիչը քննում է պաշտպանների բողոքը

Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումն ապօրինի է. Փաստաբանը հայտնեց` Վերաքննիչը քննում է պաշտպանների բողոքը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Դավիթ Գալստյանի՝  «Պատրոն Դավիթի» պաշտպանների բողոքը՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Գալստայնի փաստաբանը՝ Արմեն Հարությունյանը, մինչ նիստի մեկնարկը,  լրագրողների հետ զրույցում ասաց, որ կալանավորումը որպես խափանմիջոց ընտրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը ապօրինի է։

«Այդ ապօրինի որոշման հիմքում  հիմնավոր կասկածի եւ կալանավորման հիմքերի վերաբերյալ որեւէ փաստական տվյալ չի եղել։ Հենց այս հիմքերով էլ բողոք ենք ներկայացրել  վերաքննիչ դատարան»,- նշեց նա՝ հավելելով, որ ոչ միայն ազատությունից ապօրինի են զրկել Դավիթ Գալստյանից, այլեւ քրեական հետապնդումն է անհիմն։

«Նախաքննության ընթացքում ներկայացվել են անհերքելի ապացույցներ այն մասին, որ համապատասխան մատակարարումները կատարվել են սահմանված կարգով, անցել են բոլոր ընթացակարգերը եւ այս պահին քրեկաան գործի առկայությունն ու Դավիթ Գալստյանին ազատությունից զրկելը չի բխում այդ գործի նյութերից։ Վերաքննիչ դատարանից ակնկալում ենք օբյեկտիվ քննություն, հույս ունեք, որ առաջին ատյանի դատարանի նման չեն ենթարկվի տեղեկատվական մանիպուլյացիաներին եւ տարբեր մեկնաբանություններին»,- ընդգծեց փաստաբանը։

Արմեն Հարությունյանը հավելեց, որ Դավիթ Գալստյանի  հետ միաժամանակ կալանքի տակ է գտնվում նաեւ  Արմեն Բաղդասարյանը, ով Գալստյանի լիազորած անձն է։ Ըստ  նրա՝ նախաքննության տվյալներից պարզ է,  որ  Բաղդասարյանը գործարքի հետ կապ չունի, հետեւաբար նրա նկատմամբ լալանքը եւս ապօրինի է։

Աղբյուր` news.am

  • Կիսվել: