շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
«Դատավորը հոգու խորքում հասկացավ, որ Արամ Նավասարդյանն անմեղ է». փաստաբանը՝ դատարանի վճռի մասին

«Դատավորը հոգու խորքում հասկացավ, որ Արամ Նավասարդյանն անմեղ է». փաստաբանը՝ դատարանի վճռի մասին

Դատավորն իր հոգու խորքում հասկացավ, որ Արամ Նավասարդյանն անմեղ է, դրա համար հնարավորինս թեթև պատիժ տվեց՝ 1.5 տարի։ Այս մասին վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ անդրադառնալով դատարանի կայացրած վճռին:

Փաստաբանը շարունակում է պնդել՝ Սոնա Մնացականյանի վրաերթի մեջ Արամ Նավասարդյանը մեղավորություն չունի։

Ռուբեն Բալոյանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։ Նախքան դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը Արամ Նավասարդյանը կմնա ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը մնացել է անփոփոխ։

Իր հերթին Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշման հետ համաձայն չէ և բողոքարկելու է վճիռը, որովհետև վստահ չէ, որ Նավասարդյանը 1.6 ամիս անազատության մեջ կմնա:

«Ամենայն հավանականությամբ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը կփոխվի: Ես իսկապես հույս ունեի, որ արդարադատություն կլինի, բայց հիմա համազվեցի, որ արդարադատություն չկա»,–ասաց հայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք տարվա քննությունից հետո, դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար: Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման։

 

  • Կիսվել: