շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դատավոր Բախշիյանի փաստաբանները ինքնաբացարկ են հայտնել դատավոր Դավիթ Արղամանյանին

Դատավոր Բախշիյանի փաստաբանները ինքնաբացարկ են հայտնել դատավոր Դավիթ Արղամանյանին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննության սկզբում փաստաբանները դատարանին ինքնաբացարկ են հայտնել։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այն կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել: Փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ Բախշիյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։

Նշենք նաեւ, որ Բորիս Բախշիյանը ՛՛Սիսական՛՛ ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորն է։:

 

 

  • Կիսվել: