երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, PrimeNews.am-ի հարցամնն ի պատասխան հաստատեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը»: «Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», -փոխանցեցին ՀՔԾ-ից:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հոկտեմբերի 26-ին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց ուղղությամբ։

Մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։

  • Կիսվել: