երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատավոր Արմեն Դանիելյանը դարձյալ մերժեց Քոչարյանի պաշտպաններին

Դատավոր Արմեն Դանիելյանը դարձյալ մերժեց Քոչարյանի պաշտպաններին

ՀՀ Վերաքննիչ դատարանը քիչ առաջ՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց այսօր դատախազի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ։ Պաշտպան Խուդոյանի միջնորդությունը մերժվեց։ Որոշումը ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում Վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել էր:

Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունն էլ դեմ լինելով դատարանի որոշմանը, բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

  • Կիսվել: