Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործ. Ա.Հ.–ն ընկերոջ դեմ ցուցմունք տված մեղադրյալին սպառնացել է և պահանջել փոխել ցուցմունքը
ՀՀ քննչական կոմիտեի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում դատավարության մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ցուցմունք չտալուն կամ սուտ ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մասիս քաղաքի բնակիչ Ա․Հ․-ն, 2026 թվականի մարտի 6-ին մասնակցելով իր մտերիմ, Մասիսի նախկին քաղաքապետ Դ.Հ․-ի եղբոր և մյուսների վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով նշանակված դատական նիստին և տեղեկանալով, որ նույն գործով մեղադրյալ Հ․Խ․-ն, նախաքննության ընթացքում իր մտերիմ Գ․Հ․-ի վերաբերյալ տվել է խոստովանական ցուցմունքներ, մարտի 7-ին զանգահարել է Հ.Խ․-ին և նրա նկատմամբ բռնություն գործադրելու, կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիքներով պահանջել և հարկադրել է նրան՝ դատարանում հերքել իր նախաքննական ցուցմունքները և տալ այնպիսի ցուցմունքներ, որոնց հիման վրա Գ.Հ․-ն ազատ կարձակվի կալանքից:
Ա․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածի 1-ին մասով (դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



