Դատավարական բոլոր գործողություններն իրականացվել են խախտումներով. Հովհաննես Խուդոյան
Առաջին բողոքի քննությունը սպառել ենք, որոշում դեռ չի կայացվել, ձերբակալման մասով քննարկումներ ունեցել ենք: Վաղը ժամը 11-ին շարունակվելու է գործի քննությունը կալանքի միջնորդության մասով: Այս մասին այսօր «5-րդ ալիք» ՀԸ-ի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալության բողոքի քննության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ձերբակալության բողոքի քննության նիստը սկսելու պահին ՀՔԾ քննիչը ներկայացրել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: Համաձայն օրենսդրության՝ երկու հարցը պետք է քննվի մեկ պրոցեսով: Առաջին բողոքի քննությունը սպառել ենք, ձերբակալման մասով քննարկումներ ունեցել ենք: Վաղը ժամը 11-ին շարունակվելու է գործի քննությունը կալանքի միջնորդության մասով»
Խուդոյանը հավելեց, որ դատարանից ժամանակ են խնդրել՝ նյութերն ու հիմնավորումներն ուսումնասիրելու համար:
Պատասխանելով հարցին, թե միջնորդության մասով ի՞նչ որոշում է կայացվել, Խուդոյանը նշեց, որ պնդել են, որ ձերբակալությունն իրավաչափ չի եղել, քանի որ որևէ պնդում, թե Թավադյանը որևէ ապօրինի գործողություն է կատարել, այս պահին չկա գործի նյութերում:
Պաշտպանը տեղեկացրեց, որ այդ պարագայում անձին չեն կարող ոչ միայն ձերբակալել, այլ նաև որևէ կարգավիճակով հարցաքննել: Նա նշեց, որ իրենք պարզաբանում չեն ստացել, թե ինչի համար է Թավադյանը ձերբակալված:
Խուդոյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե՝ Թավադյանը բարձրաստիճան պետական պաշտոնյա չէ, այդ դեպքում ինչո՞ւ է նրան ձերբակալում ՀՔԾ-ն: Պաշտպանն ասաց, որ այդ հարցը պատրաստվում են բողոքարկել հետագայում և նշել՝ ՀՔԾ-ն այսօր այն մարմինն է, որն առավել մեծ անվստահություն է վայելում:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե եթե, այնուամենայնիվ, Թավադյանը կալանավորվի, ի՞նչ են պատրաստվում անել: Խուդոյանը նշեց. «Երեկվանից սկսված բոլոր դատավարական գործողություններն իրականացվել են խախտումներով: Քանի որ այս պահին հրատապ է ազատության հետ կապված հարցը, բողոքարկում ենք այդ հարցը: Լիահույս եմ, որ պարոն Մարիտիրոսյանը եղած նյութերի պայմաններում չի տեսնի նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը հատող որևէ գործողություն, որով Թավադյանին կարող է մեղադրանք առաջադրվել»:
Նա խոսեց նաև Թավադյանի գույքի խուզարկման մասին և ասաց, որ խուզարկմանը մասնակցել է. վերցվել են դրամական և նյութական միջոցներ, որոնք գործի հետ կապ ունենալ չեն կարող: Նա վստահեցրեց, որ այդ գործողությունները նույնպես կբողոքարկեն:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բողոք է ներկայացրել դատարան՝ կապված իր պաշտպանյալի կալանավորման հետ։
Նշենք նաև, որ երեկ Արմեն Թավադյանը կալանավորվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհ Վարուժան Մկրտչյանի գործով։ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 340 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Ոստիկանության տվյալներով՝ Վարուժան Մկրտչյանը իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներից մեկին եւ առաջարկել է հրաժարվել տուժածի կարգավիճակից, ցուցմունքներից եւ չներկայնալ դատական նիստին՝ հայտարարելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետությունը պետք է վճարի որպես դրամական փոխհատուցում։
Ի դեպ՝ դատարանի շենքի դիմաց ընթանում է բողոքի ցույց՝ Արմեն Թավադյանի հանդեպ գործողությունների դեմ: