հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Տիգրան Չոբանյանի ձերբակալումը․ փաստաբան

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Տիգրան Չոբանյանի ձերբակալումը․ փաստաբան

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հայ ազգային գվարդիայի նախագահ Տիգրան Չոբանյանի ձերբակալումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Միքայել Շխիմյանը:

«Քիչ առաջ Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և ոչ իրավաչափ ճանաչեց վստահորդիս, Հայ Ազգային Գվարդիանի նախագահ Տիգրան Չոբանյանի ձերբակալումը, միևնույն ժամանակ, նույն որոշմամբ մերժեց վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը(հիմնավոր կասկածի բացակայությամբ):

Տ. Չոբանյանը մեղադրվում էր ՀՀ կառավարության շենքը խմբի կազմում զավթելու փորձ կատարելու մեջ: Կեցցե ՀՀ Դատարանը, ի դեմս արդարամիտ Դատավոր Ա.Հովհաննիսյանի!!!»,– գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին երեկ՝ հունվարի 29-ին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։

Նշենք, որ Վահագն Չախալյանի ձերբակալումը նույնպես ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ կալանավորության միջնորդությունը մերժվել է:

Հիշեցնենք նաև, որ երեկ մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք:

  • Կիսվել: